Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ, որը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում է լինելու։
«Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես՝ Տավուշի և Արմավիրի մարզեր»,- գրել է Բաղդասարյանը։
ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արձակուրդ է մեկնելու նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի արձակուրդը կտևի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 5-ը։ Այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարեն տեղակալներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։