Ամերիկայի Միացյալ Նահանգները շուրջ 16 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորմանը, հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան՝ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա»,- ասել է Պետքարտուղարի տեղակալը։
Հուլիսի 13-ին Զեյան այցելել էր Լոռու մարզի Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։
Նույն օրը Փաշինյանը և Զեյան Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու արցախցիների հումանիտար խնդիրները:
Հուլիսի 10-ին հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան հուլիսի 13-16-ը կայցելի Հայաստան։