Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր՝ հուլիսի 17-ին, նիստ է հրավիրել, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, հայտնել է «Հրապարակ»-ը։
«Փաշինյանն այս տարվա մայիսի 25-ին, ըստ ամենայնի, կատարելով Իլհամ Ալիևի պահանջը՝ նոր Սահմանադրություն գրելու և գործող մայր օրենքից Անկախության հռչակագիրը հանելու վերաբերյալ, խմբագրել է երկու տարի առաջվա իր որոշումը և պատվեր իջեցրել սահմանադրական բարեփոխումների համար 2022-ին ձևավորված այս խորհրդին, որ Ալիևի պատվերը կատարեն՝ գրեն նոր Սահմանադրություն»,- գրել է թերթը։
Թերթը հիշեցրել է, որ մինչ այդ այս հարցը բուռն քննարկվել է խորհրդում, խորհրդի անդամներից ոմանք թեև բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների քննադատությանը, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիևի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ։
Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։