Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը, փոխանցում են «Ազատության» Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները։
Հայաստանի մասով ընդունված որոշման մեջ նշվում է, որ անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ խորհրդում, հետո կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև, նշում է պարբերականը։
Ըստ հրատարակության` Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար․ հիմնականում խոսքը ներքին խնդիրների մասին է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունելու, բայց նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակներում տեղի ունեցած «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը նշել էր, որ Երևանն սպասում է ՀՀ-ին Եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Նա հույս էր հայտնել, որ վիզաների ազատականացման բանակցություններում դրական արդյունք կլինի։ Հունիսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպմանն ասել էր, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի առաջնահերթություններից է։