Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը վստահեցրել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Նա այսպես է պատասխանել հուլիսի 3-ին Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագրի ընդունումից հետո Հայաստանի նկատմամբ Պեկինի դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին Armenia Today-ի հարցին։
Միաժամանակ՝ դիվանագետը նշել է, որ Չինաստանը միշտ մեծ նշանակություն է տվել Անդրկովկասի երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հարգելով նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և փոխշահավետ համագործակցություն հաստատելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։
«Չինաստանը վերջերս ռազմավարական համագործակցություն է հաստատել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որն ուղղած է հարաբերությունների բարելավմանը, այլ ոչ թե երրորդ կողմի դեմ»,- հավելել է Մինը։
Չինացի դիվանագետը վստահեցրել է, որ Պեկինն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և աջակցում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
«Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կարող են իրենց տարաձայնություններն ու վեճերը լուծել խաղաղ երկխոսության միջոցով։ Այդ վեճերի լուծումը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա, որը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը»,- ընդգծել է նա։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Պեկինի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ Չինաստանի քաղաքականության վրա։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի դրդմամբ տապալել են հարաբերությունները Չինաստանի հետ, ուստի Պեկինը նորից կենտրոնացել է Ադրբեջանի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։