ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանից ակնկալում է հետագա քայլեր՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ։
«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել այս ուղղությամբ, այս հարցում։ Մենք Երևանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքները»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի տրամադրվածությունը Սյունիքում հյուպատոսության լայնամասշտաբ աշխատանքի շուտափույթ մեկնարկի վերաբերյալ չի փոխվել։
2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ 2023 թվականի մայիսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսության առաջիկա բացումը մեծ դեր կունենա մարզի անվտանգության ապահովման գործում։
Հունիսի 20-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է մինչև տարեվերջ Հայաստանում բացել երկրորդ ներկայացուցչությունը։ Հունիսի 25-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների դրդմամբ վերջին ամիսներին փորձում են խոչընդոտել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսության բացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։