Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին»,- «Ազատության»-ն ասել է բանակցությունների մասին տեղյակ դիվանագետներից մեկը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Փաշինյանը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական կողմին էր մեղադրել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ հանդիպումից հրաժարվելու մեջ։