Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Փարիզի կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցը։ Նա նորմալ է համարել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը ռազմական ոլորտում։
Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցին՝ Մակրոնը նշել է, որ վերջին տասնամյակում Ադրբեջանը շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը։
«Եթե նայեք անցած տասնամյակին, ապա Ադրբեջանը, իրոք, կարծես թե զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, բայց եթե սխալվում եմ՝ ուղղեք, ապա Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց 2020 թվականին»,- ասել է նա։
Արձագանքելով ադրբեջանցի լրագրողի պատասխան նկատառմանը՝ Մակրոնը նշել է, որ «իրենք կարող են բանավեճ ունենալ, բայց, իր կարծիքով, սա մամուլի ասուլիս է»։
Ֆրանսիայի նախագահը նորմալ է համարել գործընկերների կողմից ինքնապաշտպանության համար զենք և զինամթերք մատակարարելը։
«Նորմալ է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ենթարկվել այլ երկրի ագրեսիային: Եվ ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի որևէ նախագիծ է ունեցել»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ եթե Երևանն ու Բաքուն ավարտին հասցնեն հաշտության պայմանագրի նախապատրաստումը, Փարիզը կաջակցի դրան։
«Կարծում եմ՝ ռազմական տեսանկյունից համագործակցությունը ցանկացած երկրի հետ միանգամայն նորմալ բան է երկու ինքնիշխան պետությունների միջազգային կյանքում։ Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանի հեռանկարը ևս խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, մենք կաջակցենք նման համաձայնագրին»,- եզրափակել է Մակրոնը։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մակրոնի հայտարարությունը և նշել, որ «Ֆրանսիայի ջանքերն արդյունք չեն տա»։
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստան CAESAR թնդանոթների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։