Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման «տապալումն» ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին, կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպում կազմակերպելու վրա։ Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ` այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած կար նախապես սահմանված ժամկետ»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ երկրորդն Ադրբեջանի՝ վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցն է, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ, իսկ երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների թեման, որը շարունակում է օրակարգում մնալ:
«Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլ դիրքորոշումների առումով` գնացել լուրջ նահանջների»,- եզրափակել է պատգամավորը։
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի միջև երկկողմ հանդիպումից Բաքվի մերժման մասին։ Նույն օրն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Փաշինյանի ու Ալիևի առանձին հանդիպումների մասին։