ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և արցախահայության էթնիկ զտումների համար, Zartonk Media-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։
«Որպես նախագահ՝ ես առաջին իսկ օրվանից դա կդարձնեմ առաջնահերթություն՝ օգտագործելով նախագահական պլատֆորմը՝ դատապարտելու տեղի ունեցածը և կոչ անելով մեր եվրոպացի դաշնակիցներին միանալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է քաղաքական գործիչը։
Քենեդի կրտսերը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն և ասել, որ «Սպիտակ տան նեոպահպանողականները ցեղասպանությունը համարում են պարզապես անհարմար խնդիր, որը պետք է թաքցնել», ինչը նրանց հաջողվել է անել ամերիկյան մամուլի անտարբերության պատճառով։
Ռուսաստանի դեմ պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից, քանի որ Բայդենի վարած ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի ուժեղ է դարձրել, քան երբևէ, ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։
«Մենք ավելի մոտ ենք Ռուսաստանի հետ միջուկային փոխանակմանը, քան երբևէ 1962 թվականից ի վեր։ Ռուսները մեզանից 2500-ով ավելի հրթիռ ունեն։ Նրանք ավելի լավ պաշտպանական համակարգ ունեն, քան մենք, և ամբողջ աշխարհը հույս ունի, որ մենք միջուկային փոխանակման չենք հանգեցնի»,- հավելել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ պատրաստվում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում՝ Վաշինգտոնի ուշադրությունն աշխարհում հումանիտար խնդիրների վրա ուղղելու համար, ինչպիսին է ավելի քան 100 հազար արցախցիների փախուստը Լեռնային Ղարաբաղից։ Քենեդի կրտսերը նաև մատնանշել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի եվրոպական երկրներին վերավաճառելու հետ կապված։
Նա դատապարտել է թուրքական իշխանությունների օգնությունն Արցախի ցեղասպանությանը և նշել, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ գործիքներ չի տրամադրել Անկարային պահելու համար՝ նույնիսկ Սիրիայի հյուսիսում քրդերի ցեղասպանությունից և Կիպրոսի կեսի օկուպացումից հետո։
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կաշխատեմ վերաիմաստավորել ՆԱՏՕ-ի դերը՝ այն դարձնելով իսկապես խաղաղապահ կազմակերպություն, այլ ոչ թե ռազմական կազմակերպություն և կոալիցիա: Եթե մենք դա չանենք, ՆԱՏՕ-ն իր ծանրության տակ կփլուզվի»,- եզրափակել է Քենեդի կրտսերը։