ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չեն բացառել ՀՀ մասնակցությունը՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։
Հուլիսի 21-ին COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը ՀՀ ԱԳՆ-ին ուղղված նամակով Հայաստանին հրավիրել էր մասնակցել Բաքվում նախատեսվող գագաթնաժողովին։
«Բաքու պետք է մեկնել, սակայն Ադրբեջանը պետք է քայլեր անի»,- «Ազատությանը» հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ մասնակցությանը։
Նա Բաքվի առաջարկը «նորմալ» է որակել, բայց նշել է Բաքվից ակնկալվող քայլերի մասին։
«Առաջարկը նորմալ է, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»,- ընդգծել է Քոչարյանը։
Վերջինս հայտարարել է նա, որ նոյեմբերին Բաքու գնալը ճիշտ է։
«Իհարկե ճիշտ է, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք»,- շեշտել է նա։
Ըստ Քոչարյանի՝ «Բաքուն պետք է փոխի իր հռետորաբանությունը, պետք է ձգտի խաղաղության, ինչպես Հայաստանն է ձգտում»։
Հունիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Արմենպրեսին» մեկնաբանել էր COP29-ին վարչապետի մասնակցության մասին սոցցանցերում տարածված լուրը։ Փաշինյանի՝ խորհրդաժողովին մասնակցելու նշանակման մասին X-ում գրել էր ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն։ Բաղդասարյանը նշել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։