Հերթական ճնշումն է և ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատից հետո հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Վարդանյանի գործով դատական նիստը ընթացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում պաշտպանական կողմի խնդրանքով, որը միջնորդել էր դատարանին հետաձգել դատավարությունը՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար։ Դատարանը որոշել է հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։
Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանի դեպքում նրան ճնշելու, լռեցնելու մի քանի փորձ է արել իշխանությունը։
«3-րդ կամ 4-որդ անգամ է նմանատիպ փորձ արվում, ճնշելու և ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով ազատությունից որոշակի ժամանակահատվածով զրկում են, հայտնվում է կալանավայրում, բայց արդյունքի չեն հասնում։ Փորձում են և իրեն, և կուսակից, համախոհ ընկերներին ճնշել ու վախեցնել»,- ասել է փաստաբանը։
Հարությունյանը Վարդանյանի գործը որակել է որպես հետապնդման դրսևորում։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումների մասին են վկայում նաև Վարդանյանի խափանման միջոցի մեջ առկա սահմանափակումները։ «Եթե տիկինը կամ երեխաները հանդիպեն իր հետ, գործի շրջանակներում ոչինչ չի փոխվելու, բայց սա ճնշման միջոց է»,- հավելել է փաստաբանը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։ ՔԿ-ն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով վեց քրեական գործ էր հարուցել (հավաքներին մասնակցելուն հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարի ժամկետով)։
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։