Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղություն կնքելու նպատակով հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նա վստահեցրել է, որ Ռուսաստանը երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ նրանց համար նախընտրելի երկկողմ ձևաչափով:
Դիվանագետը հիշեցրել է, որ ՌԴ-ն պարտավորվում էր ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
«Մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, այլև ամրագրված է այն փաստաթղթում, որի տակ դրված է մեր երկրի ստորագրությունը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություն)։ Նման աջակցության ծավալներն ու ձևը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության կառուցման, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման անփոխարինելի նախապայման է դիտարկում։
Զախարովան հույս է հայտնել, որ մնացած տարաձայնությունները շուտափույթ կհաղթահարվեն, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ուղղություններով հաջող առաջընթաց կգրանցվի՝ բարձր մակարդակով, երկկողմ պայմանավորվածություններով:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները:
«Դրսից ոչ ոք բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տանը»,- եզրափակել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։