Տավուշի մարզի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է անգամ ԱԺ պատգամավորների համար, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա մանրամասնել է, որ իրեն և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին չեն թույլատրել այցելել սահմանային շերտի 1 կմ-անոց հատված և սահմանային գոտու՝ 5 կմ-անոց հատված։
«Նույնիսկ որպես Ազգային ժողովի պատգամավորներ սահմանային շերտի 1 կմ-անոց հատվածում և սահմանային գոտում՝ 5 կմ-անոց հատվածում չենք կարող լինել, այսինքն՝ որևէ մեկը, բացի կիրակցեցիներից ,չի կարող այդ հատվածում լինել»,- նշել է նա։
Պատգամավորը նաև զարմացել է, թե այդ պայմաններում ինչպե՞ս են սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ապրող կիրանցեցիները կենսագործունեություն ծավալելու։
Մանուկյանը նաև հայտնել է, որ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, իսկ հայ-ադրբեջանական նոր սահմանն առանձնացնում են բետոնապատնեշն ու թիթեղյա ցանկապատը։
Հուլիսի 24-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի դաշտերում ականի վրա տրակտոր է պայթել։ Պատգամավորը նաև նշել է, որ Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհի հետ կապված վեճ է ծագել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև։
Մանրամասները՝ տեսանյութում։