Սյունիքի մարզի Քաջարանի թունելի կառուցման համար ԵԶԲ-ն 200 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀՀ-ին։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է իրականացնել Քաջարանի 7 կմ-անոց թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ-անոց երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ թունելը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան, ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով: «Կլինի ասֆալտբետոնե ծածկով թունելի երթևեկելի մասը, 2 գոտի՝ 9 մետր լայնությամբ, կլինեն ճանապարհի եզրերին քայլուղիներ, ինչպես նաև առաստաղում տեղադրված կլինի խողովակ, որը կապահովի համապատասխան ստանդարտների օդափոխության համակարգի աշխատանքը»,- պարզաբանեց:
Սանոսյանը նաև նշեց, որ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել: Գործող թունելից դեպի անվտանգության թունել կլինեն 14 վթարային ելքեր: Դրանք միջինում կլինեն 400 մետրը մեկ:
Նախարարը նշեց նաև, որ թունելի կառուցման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով, և 50 կմ/ժամ-ի փոխարեն հնարավոր կլինի 80 կմ/ժամ միջին արագությամբ, որի արդյունքում տևողությունը կկրճարվի մոտ 40 րոպեով: Մեղրու լեռնանցքը այլեւս շահագործելու կարիք չի լինի եւ ձմռան պայմանները հաղթահարելու կարիք չի լինի։ Նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը կազմելու է շուրջ 6 տարի:
Կառավարությունը հուլիսի 25-ին հաստատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համաձայնագիրը Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու համար։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ֆինանսավորման հարցում, այդ թվում՝ տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Հայաստանը և ՎԶԵԲ-ը մայիսի 14-ին ստորագրել էին «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի» վերաբերյալ վարկային պայմանագիր։