Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։
Բադալյանն «անհասկանալի» է անվանել Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
«Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և ՀՀ-ն պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,- շեշտել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ադրբեջանը Հայաստանին պատերազմով էր սպառնացել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ֆրանսիայի կողմից ուղղված աջակցության շարունակության դեպքում։ Ադրբեջանի ՊՆ-ն երկրների որոշումներն «իր դեմ նախապատրաստվող պատերազմի» քայլեր է որակել ու սպառնացել, որ «ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի»։
Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժի ամրապնդման և ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ որոշումները պատմական էր անվանել: