Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու ժամանակը։ Դեսպանատունն այս հայտարարությունն արել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Երևան կատարած այցի շրջանակում։
«Խաղաղության համաձայնագիրը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- հավելել են դեսպանատնից։
Դեսպանատան փոխանցմամբ՝ հուլիսի 25-ին Բոնոն հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
Հուլիսի 25-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային անվտանգության և կայունության մասին հարցեր էր քննարկել Բոնոյի հետ։
Հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերին պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին պատերազմով էր սպառնացել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ուղղված աջակցության շարունակության դեպքում։ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Բաքվի փորձերն անընդունելի են։