Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների բարեկամական խմբերը Վրաստանում քննարկել են ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը, հայտնել է ԱԺ լրատվական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է։
Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը և Շիրակ Թորոսյանը:
Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու և բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր, հայտնել է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հայտարարության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա համայնքների ղեկավարների, ինչպես նաև շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորություններին, ասված է հաղորդագրության մեջ։