ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը «Ազատության»-ը հայտարարել է, որ Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ստորագրված փաստաթղթին ինքը կամ ԱԳՆ-ն տեղյակ չէր։
«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», – ասել է նախկին պաշտոնյան։
2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանին էր անցել Գորիս-Կապան ճանապարհը, 2021-ի հունվարին Ադրբեջանին էր փոխանցվել նաև Շուռնուխ գյուղի մի մասը։ Այվազյանը հայտարարել է, որ այդ հարցով ՀՀ Անվտանգության խորհրդի 3 նիստ է տեղի ունեցել, որոնցից 2-ին ինքը մասնակցել է։
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել։ Այվազյանը նշել է, որ վարչապետի միջոցով դիմել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի փաստաթուղթն իրենց տրամադրվի, սակայն պաշտոնավարման ընթացքում այդ փաստաթղթերին նա չի ծանոթացել։
Նախկին նախարարը շեշտել է, որ Հայաստանին պետք էր ժամանակ՝ իրավիճակը հանդարտեցնելու, կարողությունները վերականգնելու համար և «ցանկացած ճգնաժամ կարող էր առիթ դառնալ նոր էսկալացիայի»։ Նա, սակայն, ճիշտ չի համարում հուշագրի ստորագրումը, քանի որ այն խախտում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
«Դա համակողմանի չի քննարկվել։ Ես հիմա փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց դա նաև խախտում էր նոյեմբերի 9-ին ձեռք բերված համատեղ հայտարարությունը, որտեղ առաջին կետով գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են»,- հավելել է Այվազյանը։
2022 թվականի մարտի 15-ին կառավարությունը սկսել էր Շուռնուխի 13 ընտանիքի բնակարանաշինությունը։ 2021 թվականի հունվարի 29-ին որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:
Նախատեսվել էր այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումը հաստատվել էր Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ 13 տնից բաղկացած, իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար:
2021թ․ նոյմբերին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։