«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն, որոշումը կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ Քոլոյանը ստացել է 5 ձայն, որն ավելի է մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակից։
Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գարեգին Խումարյան՝ 0 ձայն, Բելա Հովհաննիսյան՝ 0 ձայն, Մհեր Մարգարյան՝ 0 ձայն, Միքայել Յալանուզյան՝ 0 ձայն, Լուսինե Պետրոսյան՝ 0 ձայն, Ռուբինյան Հակոբ՝ 0 ձայն, Նազելի Օհանյան՝ 1 ձայն, «Բոլորին դեմ»՝ 0 ձայն։
Նախկին տնօրեն Խումարյանը, որը 0 ձայն է ստացել, քննադատության է ենթարկել քվեարկությունը՝ որակելով այն «վարչաիրավական աճպարարության հետևանք»։ Նա նշել է, որ դատարան է դիմելու արդյունքների համար։
«Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»,- նշել է նա։
Խումարյանը նշել է, որ իրեն փոխարինել են Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ «Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր և ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քալյող և այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարհագրությունը և ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս»,- նշել է նա։
Փետրվարի 5-ին Խումարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռադիոկայանի հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»: Իր հայտարարության մեջ Խումարյանն ընդգծել էր, որ վարչապետի հետ հարցազրույցը «կարող էր շատ ավելի լավը լինել»։
Փետրվարի 6-ին խորհուրդը հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունն էթիկական և իրավական նորմերին։