Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու համար, Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի՝ թշնամության էջը փակելը «կօգնի նախապատրաստվել կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը»։
«Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Մեր հանձնառությունն ավելի է զարգացել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, բայց դրանք դեռ ուժի մեջ են»,- հավելել է Միրզոյանը։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։
Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։