Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վստահության ամրապնդման միջոցները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
«Հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները կքննարկեն իրավիճակի զարգացումները և վստահության ամրապնդման որոշակի քայլեր, որոնք կարող են իրականացվել երկու երկրների միջև»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրը։
Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու երկրների հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։
Ռուբինյանն ու Քըլըչը չորս հանդիպում էին անցկացրել՝ մեկը Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։