Թեհրանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու իրենց հանձնառությունը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
Իր հերթին Փեզեշքիանին վերահաստատել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»,- ասել է նա:
Նախագահը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Իրան։ Նա կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: