Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը, Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Mehr-ը։
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի որոշակի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Օտարերկրացիները հարևանների հետ երկրների հարաբերությունների համար չպետք է սահմանափակումներ ստեղծեն»,- Խամենեիի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքում չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի:
ՀՀ կառավարությունից հավելել են, որ զրուցակիցները Հայաստանի և Իրանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը շարունակելու համոզմունք են հայտնել։
«Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Տեղի է ունեցել նրա հանդիպումը Փեզեշքիանի հետ։