ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ է արել արտաքին գործերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին արձագանքել Վատիկանում լույս տեսած L’Osservatore Romano թերթի «Քրիստոնեության ծագումն Ադրբեջանում» հրապարակմանը, որտեղ հեղինակը հայկական հուշարձաններն անվանում է Ալբանիայի առաքելական եկեղեցիների ժառանգություն։
«Ինչ են մտածում ՀՀ ԱԳՆ-ն և ԿԳՄՍՆ-ն։ Արցախի էթնիկ զտումին հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ գուցե ձայն հանեք, նվազագույն քաղաքական արժանապատվություն դրսևորեք, տեր կանգնեք մեր հավաքական ժառանգությանն ու ինքնությանը»,- գրել է նա Facebook-ում։
Գալստյանը նշել է, որ հոդվածի հեղինակ Ռոսելլա Ֆաբիանին, նկարագրելով իր ճանապարհորդությունը Լեռնային Ղարաբաղ, անվանել է «Կովկասյան Ալբանիա»։ Նրան ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարել, որ 13 դարի վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։
Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, չնայած բազմաթիվ հավաստիացումների և կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների, երբեք դիտորդական առաքելություն չի ուղարկել Արցախ։ Պատգամավորի խոսքով՝ Բաքվի ձեռքերը «հասել են դեպի Վատիկան», և Ադրբեջանին հաջողվել է պապական գահն ինքնին ակամա մեղսակից դարձնել իր մշակութային ցեղասպանությանը, քանի որ հոդվածը տպագրվել էր կաթոլիկ եկեղեցուն պատկանող հրատարակությունում։
«Իսկ ոչ վաղ անցյալում, Քրիստոնեության 1700-ամյակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրվում ու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ մատուցվում»,- եզրափակել է պատգամավորը։
Հունիսի 24-ին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր հայերի տեղահանումից հետո Արցախում ավերածությունների 75 տոկոս աճի մասին։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը (Monument watch) հունիսի 22-ին նշել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։