Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։
Ըստ հաղորդագրության՝ Իրանի նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։
«Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Տեղի էր ունեցել նրա հանդիպումը Փեզեշքիանի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը։