Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանին և Ադրբեջանին նամակ է հղել՝ կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը, առաջընթաց գրանցել սահմանազատման գործընթացում, գրում է Politico-ն։
«Միշելը վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ պատերազմող տարածաշրջանում լարվածությունն աճում է»,- ասված է հրապարակման մեջ։
Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, երկու բարձրաստիճան դիվանագետների գրել է, որ հուլիսի սկզբին Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Բրյուսելում, սակայն, հիասթափությունն աճում է ամիսներ տևած ձգձգումներից և դիվանագիտական փակուղուց հետո, որոնց պատճառով երկար սպասված հրադադարն այդպես էլ չի ստացվում հաստատել»,- գրել է լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անդրադառնալով Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման «տապալմանը»՝ ԶԼՄ-ն գրել է, որ «երկու կողմերը միմյանց մեղադրել են առճակատման համար»։
«Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն խաղաղության համաձայնագիրը, ինչին հասնելու համար ԵՄ-ի ուժերի սահմաններում Միշելն արել է ամեն ինչ»,- պարբերականին ասել է Եվրոպական խորհրդի նախագահին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի միջև երկկողմ հանդիպումից Բաքվի մերժման մասին։ Նույն օրն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Փաշինյանի ու Ալիևի առանձին հանդիպումների մասին։