Հայաստանի մեդիառեսուրսների վրա արևմտյան երկրների ազդեցության աճը «ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել», հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։ Նա այսպես է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանի՝ Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելուն։
«Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիառեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Ամերիկացիներն ու ԵՄ-ականները կոնյունկտուր են գործում, նպատակ ունեն համընդհանուր հանրային կարծիքը տրամադրել Ռուսաստանի դեմ»,- ասել է Նաստասյինը։
Դիվանագետը հայտարարել է, որ Մոսկվան հայ գործընկերների հետ ծագող հարցերի լուծման հույս ունի «մասնագիտական ճանապարհով»: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը զանգվածային հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցության կարգավորված մեխանիզմներ ունեն՝ գործում է պրոֆիլային միջկառավարական համաձայնագիր, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսություն, ընթանում են շփումներ լրագրողների գծով։
«Անցած տարի տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ տեղեկատվական, արտաքին քաղաքական գործունեության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերի շուրջ։ Երևանում տեղի ունեցավ հայ-ռուսական մեդիաֆորումը»,- ընդգծել է Նաստասյինը։
Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհուրդը հուլիսի 29-ին Քոլոյանին ընտրել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, որից հետո ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը խորհրդի անդամներին մեղադրել էր այն բանում, որ «երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի կառավարումը հանձնել են ԱՄՆ-ի քաղաքացուն, որը վերջին 28 տարիներին մշտապես բնակվել է Պրահայում»:
Մանրամասները՝ տեսանյութում։