Մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ ունենք, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2,2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալիս:
Նա նշել է, որ երկու օր առաջ չնախատեսված այց է կատարել 3-րդ բանակային կորպուսի շտաբ, որի մուտքի դիմաց «մեկ մետրը երկու մետրի վրա» փոս է տեսել։
«Ես այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում։ Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որ ՊՆ-ի հետ մենք գույքագրենք զորամասերը, հասկանանք վիճակը։ Հազարավոր մարդիկ են գնում իրենց հարազատներին տեսնում, ամեն օր այնտեղ պրոցես է տեղի ունենում, բայց ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում փոսեր չկան»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ սա խորքային խնդիր է, և թեկուզ բոլորը միանգամից չկարողանան լուծել, բայց գույքագրել ու հերթով լուծել անհրաժեշտ է։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վարչապետին զեկուցեց, որ Դիլիջանում կատարված ասֆալտապատման աշխատանքները դեռևս չեն ընդունվել, քանի որ թերություններ կան, որոնք շինարարական կազմակերպությունները պետք է վերացնեն։ Միայն աշխատանքները կատարելուց հետո նախարարությունը կընդունի դրանք։
Վարչապետը նաև արձանագրել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում տվյալ հատվածներում երթևեկության անհարմարություններ են։
«Շինհրապարակը՝ շինհրապարակ, բայց մեկ է՝ ասֆալտի շերտը պետք է քերվի-հեռացվի, նախնական ճանապարհը շատ թե քիչ տեսքի բերվի, որ կարողանան երթևեկել։ Ճանապարհը նորոգվում է, լավ է, որ նորոգվում է, բայց այդ ընթացքում անցանելիության հարցը պետք է լուծել»,- ասել է նա։
Նշենք, որ «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի նորոգման ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Հուլիսի 13-ին վարչապետը ծանոթացել էր Արագածոտնի մարզում իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։