Ադրբեջանին այսօր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը։
Հայաստանի քաղաքական վերնախավը, նրա խոսքով, խաղաղ գործընթացը դիտարկում է որպես ռիսկերը նվազեցնելու և ավելի մեծ անվտանգություն ձեռք բերելու փորձ։
«Մեղմ ասած, այս պահին այնքան էլ լավ չեն մեր պաշտպանության ռազմական մեթոդները, ուստի գաղափարն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ապահովվի այլ կերպ՝ բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի կնքման, սահմանազատման և սահմանագծման, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման միջոցով»,- նկատեց քաղաքագետը։
Մինչդեռ Ադրբեջանը, Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանում ոչ ոք չի կարծում, որ վաղը Հայաստանը կփորձի վերագրավել Ստեփանակերտը կամ Շուշին։ «Ըստ այդմ՝ Ադրբեջանի ինչին է պետք խաղաղությունը, ինչին է պետք այս խաղաղության պայմանագիրը», – հռետորական հարց ուղղեց քաղաքագետը։
Ադրբեջանը փորձում է հնարավորինս թուլացնել Հայաստանը, և դա անել հնարավորինս շուտ, քանի դեռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել, նշել է Իսկանդարյանը։ Բաքուն, ըստ նրա, բավականին ռացիոնալ ռազմավարություն է որդեգրել՝ դիսկուրսիվ ճնշում գործադրել՝ մասնավորապես անվերջ հայտարարություններ անելով, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, ճնշում գործադրել տեղում՝ առաջ քաշելով ավելի ու ավելի նոր պահանջներ, ավելի ու ավելի շատ «կարմիր գծեր», և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն «լուրջ դիմադրության չի բախվի»։
Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ նրա, միմյանց աճյուններ փոխանցեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, սակայն «Ադրբեջանն այսօր անում է այն, ինչ Հայաստանն ու Արցախը չարեցին 1994 թվականից հետո»։
Իսկանդարյանը, սակայն, չբացառեց խաղաղ համաձայնագրի ստորագրումը «որոշակի քաղաքական հանգամանքներում»։ Բայց խաղաղության պայմանագիրն ու խաղաղությունը երկու տարբեր բաներ են, կարելի է բերել հակամարտող երկրների տասնյակ օրինակներ, որոնք ստորագրել են խաղաղության համաձայնագրեր, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ընդգծեց քաղաքագետը։
«Այսինքն՝ խնդիրը ոչ թե ինչ-որ թուղթ ստորագրելն է կամ չստորագրելը, այլ ուժերի, շահերի, հնարավորությունների, ռեսուրսների որոշակի հավասարակշռություն հաստատելը, որպեսզի երկրներն իսկապես կարողանան ինչ-որ կերպ փոխգործակցություն կառուցել և գոնե ինչ-որ կերպ հաշվի առնել միմյանց շահերը։ Հիմա նման իրավիճակ չկա, ուստի այս խաղաղ գործընթացը կարող է շարունակվել ևս 100 տարի։ Քանի դեռ Հայաստանն այն վիճակում է, որում գտնվում է այսօր, զիջումներն անխուսափելի են»,- ասաց Իսկանդարյանը։
Նախկինում ավելի շատ էին հաշվի առնում Հայաստանին, ասաց քաղաքագետը՝ որպես օրինակ բերելով «ֆուտբոլային դիվանագիտության» պատմությունը (2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները՝ Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին-խմբ.)։ «Ինչ-որ պահի թուրքերն առաջարկեցին մի պայման, որը Հայաստանին դուր չէր գալիս։ Եվ վերջ, գործընթացն ավարտված էր, Հայաստանը չհամաձայնեց սրան և դուրս եկավ բանակցություններից»,- ասաց Իսկանդարյանը։
Այսօր, ըստ նրա, Հայաստանին ոչ ոք չի համոզում, այլ վերջնագրերի լեզվով են խոսում. «Պատճառները պարզ են՝ պարտված պատերազմ, սուբյեկտիվության նվազում։ Ես ներկա գործընթացը չէի անվանի խաղաղության տանող գործընթաց։ Հայաստանն ու Ադրբեջանը բոլորովին այլ կերպ են մեկնաբանում «խաղաղություն» բառը։ Սա հենց այն իրավիճակն է, որը ստեղծվել է այսօր»,- ասաց Իսկանդարյանը։