Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի պատգամավորական մանդատը ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելուց հետո կստանա Արմենուհի Ղազարյանը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշել է, որ օրենքի պահանջով՝ Արսենյանը վայր կդնի ոչ միայն պատգամավորական մանդատը, այլև կդադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությանը»։
Թերթը պարզել է, որ Ղազարյանը Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարն է։
Թերթը գրել է, որ իրենց չի հաջողվել Ղազարյանից ճշտել, թե վերցնելու է արդյոք պատգամավորական մանդատը, իսկ ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ կուսակցության ներսում դեռևս չեն քննարկել, թե Արսենյանի մանդատը ում են տալու:
ԶԼՄ-ն հայտնել էր, որ Արսենյանը սեպտեմբերին ՌԴ-ում Հայաստանի դեսպան կնշանակվի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից և նրա խոսքերը, որ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հունվարից։ Հուլիսի 1-ին նա այցելել էր Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի կողմից ավերված տուն և հայտնել, որ ցանկանում է՝ գնդակոծությունները հնարավորինս արագ ավարտվեն։ Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ պետությունների հարաբերությունները որոշվում են «ոչ թե թերթերում որոշ հոդվածներով, անհատների հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»։
Հունիսի 1-ին «Հրապարակ»-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մոսկվան համաձայնագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գուրգեն Արսենյանին Հայաստանի նոր դեսպան նշանակելու մասին։ Ըստ թերթի՝ Ռուսաստանն այս որոշումը կայացրել է մայիսի 8-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հրաժարվել էր հաստատել Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մասին համաձայնություն ստանալու մասին տեղեկությունը և հայտարարել, որ համաձայնության ձեռքբերման կարգը գաղտնի գործընթաց է, որը չի ենթադրում հանրային քննարկումներ։