Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Հայաստանի հետ բարեխղճորեն համագործակցելու, հակամարտությունը բանակցային և խաղաղ քաղաքական եղանակով լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ Կանադայի Հայ դատի գրասենյակի հետ զրույցում։
«Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Հայաստանի հետ բարեխղճորեն համագործակցելու, հակամարտությունը բանակցային և խաղաղ քաղաքական լուծման համար՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատելու կամայական պահվող հայ գերիներին, հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալու ուժի և սպառնալից հռետորաբանության օգտագործումից»,- ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 22-ին Ժոլին հայտարարել էր Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալու մասին։
Մարտին ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցիչ Բոբ Ռեյը Լեռնային Ղարաբաղում Բաքվի կողմից իրականացրած սեպտեմբերյան ագրեսիան և այնտեղից հայերի բռնի գաղթն անվանել էր «էթնիկ զտում»։
2021 թվականի ապրիլին Կանադայի իշխանությունները չեղյալ էին համարել կանադական զենքի և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման համար նախկինում տրված թույլտվությունները, քանի որ նրանք ստացել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ։
Հունվարին Կանադայի Հայ Դատի կոմիտեն զեկուցել էր Կանադայի կողմից Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոյի հնարավոր վերացման մասին՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում:
Reuters-ը հունվարի 29-ին հայտնել էր, որ Կանադան վերսկսել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտահանումը Թուրքիա։