ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։
ԱԳՆ-ն նաև կոչ է արել ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները կոչ էին արել իրենց քաղաքացիներին հեռանալ Լիբանանից։ Ավելի վաղ Բելգիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ղազախստանի իշխանությունները խորհուրդ էին տվել խուսափել Լիբանան մեկնելուց։ Շվեդիան հայտարարել էր Լիբանանում իր դեսպանատան ժամանակավոր փակման մասին՝ «անվտանգության վատթարացման» պատճառով։