Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունն աշնանը ընդդիմությունից առանձին գործողություններ է մեկնարկելու, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 4-ին Երևանում իր համակիրների մասնակցությամբ մեծ հանդիպում կանցկացնի՝ որոշելու հետագա գործողությունները։
Թերթի տեղեկություններով՝ Մարությանը, որն այս փուլում այդքան էլ ակտիվ չէ քաղաքական դաշտում, նախատեսում է սեպտեմբերից իր թիմակիցների հետ մարզեր այցելել ու հանդիպել բնակիչների հետ:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը թերթին հաստատել է տեղեկությունը։
Երևանի ավագանին փետրվարի 7-ին վաղաժամկետ դադարեցրել էր Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները: Մարությանը մայիսին հայտարարել էր, որ օգոստոսին պատրաստվում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժում սկսել։