ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անհիմն» է անվանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունը Հայաստանի՝ Ռուսաստանից երես թեքելու ցանկության մասին, գրում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է Ջեյմս Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ճարտարագիտության հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը վստահ է, որ Հայաստանի հետ կապերը կդիմանան արևմտյան երկրների բոլոր փորձություններին։ «Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- հավելել է նա։
Զախարովան նաև մեղադրել է ԱՄՆ-ին Հարավային Կովկասի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ՝ «պետական կառավարման համակարգին տիրանալու, ռեսուրսների բազայի վրա վերահսկողությունը կենտրոնացնելու և տարանցիկ ներուժն օգտագործելու համար»։
Օգոստոսի 31-ին Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին ՌԴ-ից հեռացնելու պայմաններ է ստեղծում, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած համարձակ քայլերը թույլ են տալիս Հայաստանին կտրվել Ռուսաստանից։ Օ’Բրայենը նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է նպաստել Հայաստանով և Ադրբեջանով ճանապարհի բացմանը` Կենտրոնական Ասիայի երկրներին համաշխարհային շուկաներ մուտք ապահովելու նպատակով:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...