Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի երկու օգնականի այցը երկիր, որոնցից մեկի տանն ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մի քանի ամիս անց խուզարկություններ է անցկացրել, գրում է Politico-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվությանը։
Նյու Յորքի շահերի բախման խորհրդի տվյալներով՝ Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի կոմիտեն 2023-ին երկիր կատարած այցի համար 5000 դոլար է վճարել քաղաքապետարանի Միջազգային գործերի վարչության հանձնակատար Էդվարդ Մերմելշտեյնիին։ Բաքվում Մերմելշտեյնին է միացել նաև քաղաքապետարանի Միջազգային գործերի վարչության արարողակարգի բաժնի նախկին տնօրեն, ադրբեջանուհի Ռանա Աբասովան:
«Ադամսի վարչակազմն Աբասովային արձակուրդ է ուղարկել անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություն են անցկացրել նրա տանը»,- ասվում է հրապարակման մեջ:
Politico-ն նշել է, որ Ադամսի՝ Բրուքլինի շրջանի ղեկավար լինելու ժամանակ Աբասովան նրա համար Թուրքիայի հետ կապող օղակ է հանդիսացել։
«Այցի հիմնական նպատակն էր նպաստել տնտեսական զարգացմանը և համայնքների միջև լավագույն փորձի փոխանակմանը, և հանձնակատարը (Մերմելշտեյն-խմբ.) մասնակցել է մի շարք հանդիպումների՝ այդ նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Թերթն ընդգծել է Նյու Յորքի քաղաքապետի սերտ կապերն Ադրբեջանի հետ և հիշեցրել, որ «Բրուքլին-Բաքու բարեկամության ասոցիացիան» 2021 թվականին նրա նախընտրական արշավի համար դրամահավաք է անցկացրել: 2023 թվականի նոյեմբերին ՀԴԲ գործակալները խուզարկել էին քաղաքապետ Բրիաննա Սագսի գլխավոր դրամահավաքի տունը՝ Ադամսի՝ 2021 թվականի նախընտրական արշավի համար Թուրքիայից անօրինական նվիրատվությունների հետաքննության շրջանակում։