Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մեկնաբանել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ԵՄ առաքելության դիտորդների պարեկությունը և հայտարարել, որ նրանց ներկայությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության մոտ վստահության զգացում է ներշնչում:
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ շփման գծում։ Եվրոպական դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը»,– գրել է դեսպանը:
Նա նաև եվրոպական առաքելությունն անվանել է «ապացույց, որ այս բնակչությունը չի մոռացվել աշխարհի կողմից»:
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն օգոստոսի 7-ին պարեկություն էին իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում և գնահատել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, ինչպես նաև հումանիտար իրավիճակը: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքի մարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին: