Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա այդպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրից հանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը»։
Անդրադառնալով ապաշրջափակման հետաձգման և դրա հետևանքների մասին հարցին՝ դեսպանը նշել է փոխադարձ պայմանավորվածության կարևորության մասին։
«Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, արդյունքում՝ երթևեկությունն է մեծանում, բայց պետք է այդ մասով փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների օգտին է, և այն ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»,- հավելել է դեսպանը։
Նա անդրադարձել է Իսրայելին Իրանի կողմից հնարավոր հարվածին՝ ընդգծելով, որ «այն կլինի ժամանակին և հաշվարկված»․ «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին։ Այս անգամ էլ կպատժենք ու այն կլինի ժամանակին և հաշվարկված»:
Օգոստոսի 7-ին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշում են կայացրել «խաղաղության համաձայնագրից հանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ»։ Նույն օրն ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ամիրբեկովի հայտարարությանը, «Լուրեր»-ին հայտնել էր, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: