ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է օգոստոսի 15-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններ վարելու ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի նախաձեռնությունը, հայտնում է գերատեսչությունը X-ում։
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքեր և խաղաղությունը, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարների նախաձեռնությունը։ Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունքներ կլինեն, որոնք կթեթևացնեն Մերձավոր Արևելիք տառապող մարդկանց վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 9-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոս 15-ին հանդիպել՝ զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Երեք միջնորդ երկրները համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ բանակցությունները կարող են կայանալ Դոհայում կամ Կահիրեում:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։