Հայաստան-Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատությանը» հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են գործընկերության օրակարգի շուրջ։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները»,- նշել է Ստանոն:
ԵՄ պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ բանակցություններն արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները, նրա խոսքով, սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA):
ԵՄ խոսնակը շեշտել է, որ Հայաստանի դեպքում ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, որին ԵՄ-ն արձագանքում է։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։