Oգոստոսի 6-ին օկուպացված Բերձորում՝ ադրբեջանական ֆորումում, Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը ներկայացվել է որպես «հին ադրբեջանական» մշակութային ժառանգություն, հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ հավելելով, որ Բաքուն շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։
«Միջոցառմանը ցուցադրվել են «Մոտիկից հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարների սահիկաշար, որտեղ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացված են որպես հին ադրբեջանական: Ի թիվս այլ հուշարձանների՝ որպես «հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվել նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը»,- տեղեկացրել է հիմնադրամը։
Հիմնադրամի տեղեկություններով՝ Բաքվի կողմից կազմակերպված «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ին մասնակցում էր աշխարհի 60 երկրի շուրջ 115 երիտասարդ: Հիմնադրամն ընդգծում է, որ միջոցառման հովանավորն Ալիև հիմնադրամն է։
«Սա Հեյդար Ալիև հիմնադրամի և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից կազմակերպված հերթական միջոցառումն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆիմում նաև որպես «ադրբեջանական» է ներկայացվել Իրանի Ատրապատական նահանգի մշակութային ժառանգությունը։
«Այսպիսով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետությունն իր առջև խնդիր է դրել ապահովել հայատյաց քաղաքականության սերնդափոխությունը»,- ընդգծվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։