Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դրել մանդատը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել է նրա պատգամավորական լիազորությունները, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը՝ Սիմոնյանը նրա լիազորությունները դադարեցնելու արձանագրություն է ստորագրել։
Օգոստոսի 6-ին Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել։
«Հրապարակ»-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հունիսի 1-ին տեղեկացրել էր, որ Մոսկվան Արսենյանին ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակելու մասին համաձայնագիր է ստորագրել։ Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հրաժարվել էր հաստատել Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մասին համաձայնություն ստանալու մասին տեղեկությունը և հայտարարել, որ համաձայնության ձեռքբերման կարգը գաղտնի գործընթաց է, որը չի ենթադրում հանրային քննարկումներ։
ԱԺ նախագահը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։