Արցախի խորհրդարանական «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն արցախյան քաղաքական ուժերին առաջարկել է ՀՀ ընտրություններին մասնակցել միասնական ճակատով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նա առաջարկում է ձևավորել արցախցիների դաշինք ու մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին։
«Բաբայանը քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է նախաձեռնում՝ արցախցիների թե՛ սոցիալական, թե՛ Արցախ վերադարձի հետ կապված խնդիրները լսելի դարձնելու նպատակով»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Բաբայանի հետ վերջին հանդիպմանը չեն համաձայնել միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու առաջարկի հետ և մատնանշել Հայաստանում արցախցիների և հայերի միջև առկա սոցիալական բաժանման սրման ռիսկերը։
«Նրանք նշել են, որ Հայաստանում խտրական տարանջատում կա` արցախցիներ-հայաստանցիներ մասով։ Բաբայանին հիշեցրել են, որ Հայաստան բռնի տեղափոխված արցախցիների զգալի մասը չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի՝ ընտրության իրավունք, ինչն արդեն կանխորոշում է գործընթացի ձախողումը։ Բաբայանն առաջարկել է նաև ձևավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել, ինչը ևս չեն ընդունել՝ հասկացնելով, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Բաբայանին ասել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, և նոր մարմնի ձևավորումը կնշանակի դրանց լուծարում, ինչը հենց իշխանությունների ուզածն է»,- նշել է թերթը։
Հանդիպմանը Բաբայանը վստահեցրել է, որ տևական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել, հավելել է թերթը։
«Հրապարակը» մարտին գրել էր, որ Բաբայանն առաջիկա ընտրություններին մտադիր է հանդես գալ ընդդիմադիր դաշտում։