ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել, տեղեկանում ենք նախագահականի կայքից։
Խաչատուրյանը հրամանագիրն ստորագրել է օգոստոսի 14-ին։
Օգոստոսի 6-ին Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։
Հունիսի 1-ին «Հրապարակ»-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մոսկվան Արսենյանին ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակելու մասին համաձայնագիր է ստորագրել։ Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հրաժարվել էր հաստատել Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մասին համաձայնություն ստանալու մասին տեղեկությունը և հայտարարել, որ համաձայնության ձեռքբերման կարգը գաղտնի գործընթաց է, որը չի ենթադրում հանրային քննարկումներ։
ԱԺ նախագահը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։