ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ՌԴ-ում նորանշանակ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՔՊ-ին շնորհակալություն է հայտնել արգասաբեր և թիմային աշխատանքի, իսկ ժողովրդին՝ վստահության համար։
«Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում ՔՊ խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար: Մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ ժողովրդի հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին»,- գրել է Արսենյանը։
Նա ընդգծել է դեսպանի պաշտոնում քաղաքական զսպվածության սկզբունքի կարևորության մասին ու շնորհակալություն հայտնել իր նախագահած Միավորված աշխատանքային կուսակցությանը (ՄԱԿ)։
«Գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար: Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը», – հավելել է նա։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել։ Օգոստոսի 6-ին Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։
ԱԺ նախագահը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։