ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակելուն և News.ru-ին հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարության և նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի։
«Արսենյանը հոգով ու մտածելակերպով շատ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը (Վաղարշակ Հարությունյան-խմբ․)։ Հարությունյանին վարչապետի թիմ էին հրավիրել բացառապես Ռուսաստանի բարեկամ լինելու պատճառով, որպեսզի Մոսկվայում նրա ներկայության փաստով «ծածկեն» Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը։ Հիմա Ռուսաստանի ղեկավարության և նոր դեսպանի՝ Փաշինյանի զինակցի միջև վստահության առաջացման որևէ պատճառ չեմ տեսնում։ Ֆորմալ քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- ասել է Զատուլինը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել։ Օգոստոսի 6-ին Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։
ԱԺ նախագահը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։