Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական հարաբերությունները, հայտնում են կառավարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 9-ին ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Օգոստոսի 7-ին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշում են կայացրել «խաղաղության համաձայնագրից հանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ»։ Նույն օրն ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ամիրբեկովի հայտարարությանը, «Լուրեր»-ին հայտնել էր, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: