Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունների ֆոնին հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրման Երևանի առաջարկին աջակցելու մասին։
Օգոստոսի 15-ին և 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։
«Ես հաստատում եմ իմ լիակատար աջակցությունը հրադադարի խախտման մասին պնդումները հետաքննելու երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին»,- գրել է Կլաարը X սոցիալական ցանցում։
Հունիսի 23-ին Կլաարը ողջունել էր Երևանի այս առաջարկը։ Հունիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները։ Հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։