«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները դժգոհել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքից, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Այս մասին նրանք հայտարարել են օգոստոսի 15-ին կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
Թերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մատնանշել է հանրապետության մարզերում ասֆալտապատ ճանապարհների անորակությունը և հոսանքազրկումները։
«ՔՊ-ի պատգամավորները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տևում։ Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը»,- նշում է լրատվամիջոցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, Սանոսյանին է փոխանցել մարզերի բնակիչների բողոքները հոսանքի հաճախակի անջատումների վերաբերյալ։ Սակայն, ըստ թերթի, նախարարին հաջողվել է այս հարցին ևս պատասխանել։
«Սանոսյանն ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ նախարարը նշել է, որ Հայաստանում արևային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ է ներմուծվել։ Կուսակցությունը դժգոհություն է հայտնել նաև մարզային տրանսպորտից, հայտնել է «Հրապարակ»-ը։