Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նա կարևորել է Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությունը, որը Հայաստանում՝ տարբեր ոլորտներում, իրականացնում է բարեգործական ծրագրեր:
«Հայաստանի անկախությունից ի վեր՝ Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով հանդիսացել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու և գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվել է Հայաստանի բարձրագույն պարգև՝ Հայաստանի ազգային հերոսի կոչում:
«Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ: Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ և համբերություն»,- ասված է վարչապետի հեռագրում: